ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը

Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ BarevBalik.am առցանց հարթակն ու նույնանուն բջջային հավելվածն ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիներին ծնողների աջակցմանը:

Հնարավոր է սա 1 անձ և կանգնածը-ի նկարն է

Այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։

Նպատակն է թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։

«Շատ կարևոր է, որ վերջապես հնարավորություն ունենք նախկին հատվածային լուծումների փոխարեն մեկ հարթակում տրամադրել ներկա ու ապագա ծնողներին անհրաժեշտ ճշգրիտ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված տեղեկատվությունը։ Սա ձեռքբերում է, թե՛ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի արդիականացման գործընթացի խթանման և թե՛ երկրի առջև դրված ռազմավարական նշանակության թիրախներին հասնելու տեսանկյունից»,- պաշտոնական գործարկման միջոցառմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

BarevBalik.am-ի թիրախը երեխայի ծնունդ պլանավորող զույգերն են, հղիները, անպտղության խնդիրներ ունեցող մարդիկ և մինչև վեց տարեկան երեխաների ծնողները:

Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական փաստահենք տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։

Հարթակի՝ վերարտադրողական առողջության, հղիության և երեխաների առողջության ու զարգացման համար նախատեսված այլ հնարավորություններից են.
Համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար
Բժշկական ծառայություններ Ձեր մոտակայքում
Երեխայի աճի պատմություն
Քնի և կրծքով կերակրելու հաշվիչ
Ծննդաբերական կծկումների հաշվիչ
Դաշտանային ցիկլի հաշվիչ
Երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն
BarevBalik.am հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով App Store-ում և Google Play-ում, ապահովվում է նաև անձնական տվյալների պաշտպանությունը։

  • Կիսվել: