կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Հուլիսի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ք. Գորիս), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: 

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող երեք սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Վահան Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Գևորգ սարկավագ Կադեյանը վերակոչվեց Տեր Պետրոս քահանա, Դավիթ սարկավագ Սահակյանը՝ Տեր Մովսես, իսկ Արմեն սարկավագ Իսահակյանը՝ Տեր Հակոբոս քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: 

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, ի մասնավորի նշեց. «Պայծառակերպությամբ Քրիստոս իր աստվածությունն է հայտնում մեզ և մխիթարում այն խորհրդով, որ մեր հավատքի հիմնադիրը պարզ վարդապետ, մարգարե կամ հրաշագործ մի անձ չէ, այլ նույն ինքը՝ Աստված։ Քրիստոս մարմնացյալ Աստված է, ով երկնքից խոնարհվեց և բնակվեց մարդկանց մեջ և դրա համար նրան կոչեցին Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»։ 

Վահան եպիսկոպոսը նաև ընդգծեց, որ Քրիստոսի Պայծառակերպության տոնը հրավեր է քրիստոնյաներին լինելու Աստծո ներկայության մեջ։ 

Դիմելով նորաօծ քահանա հայրերին՝ Սրբազան Հայրը հորդորեց լինել մշակներ առանց ամոթի, ամուր` իրենց քահանայագործության մեջ, քաջ՝ փորձությունների մեջ:

Վերջում պատարագիչ Սրբազանը պատգանեց ժողովրդին նեցուկ և զորավիգ լինել քահանաներին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության զորացման համար։

Ապա «Ողջույնի» ժամանակ ներկա հոգևոր դասը բարձրացավ Սուրբ Խորան և շնորհավորեց նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաներն ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

  • Կիսվել: