ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ. ՔՊ-ական պատգամավոր

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ. ՔՊ-ական պատգամավոր

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ոստիկանական կետը Հայաստանի Հանրապետության տարածքում չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` այդ դեպքում որտե՞ղ է գտնվում, իշխանական պատգամավորն էլ արձագանքեց. «Ո՞նց որտեղ է գտնվում... էդ ճանապարհը, նորից եմ կրկնում, մի քանի տեղ անցնում է ադրբեջանական տարածքով»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասածին, որը նշել էր, թե «չոքած վիճակում հարմար չէ բանակցել», Ղալումյանը նշեց. «Էդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում ես էդ կարծիքը։ Այո, պարտված ենք համարում ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը, ամբողջ պետությանը»։

«Մենք մի քանի հարյուր գերի չենք ունեցել, չունենք, մենք գերիներ ունենք, թիվը չգիտեմ, մի քանի հարյուր հաստատ չէ», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կարելի է մարդասիրական մղումներից ելնելով՝ քարտեզները հանձնել Ադրբեջանին, փոխարենը ստանալ բոլոր գերիներին։

Ղալումյանը վստահեցրեց, թե Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս իրեն անվտանգ է զգացել։

 

  • Կիսվել: