չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներում մի շարք թերություններ է մատնանշել

Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներում մի շարք թերություններ է մատնանշել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։

 

Նախարարը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, համայնքապետի հետ դիտարկել է Վաղարշապատ-Մեծամոր՝ Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման (աջ գոտի) կմ18+200-կմ19+635, կմ19+945-24+434, կմ24+689-կմ25+593, կմ29+385-կմ29+896, կմ30+152-կմ32+675, կմ33+833-կմ37+417 հատվածի՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները։ Աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտված է։

 

Նախարարը դիտարկել է նաև Տ-3-76, Զարթոնք – Արտաշար /Տ-3-54/ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ևս իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Նախարար Սանոսյանը մի շարք թերություններ է մատնանշել։ Մասնավորապես ճիշտ կառուցված չեն եղել մայթեզրերը, թեքահարթակները։ Նախարարը հանձնարարել է շինարարին վճարել բացառապես թերությունները վերացնելուց հետո։

«Պետական բյուջեի միջոցներով իրականացվող որևէ ծրագրի հանդեպ չպետք է նման մոտեցում լինի։ Եթե որևէ շինարարի թվում է, որ կարող է արագ, անփույթ, անորակ աշխատանք իրականացնել, և այդ աշխատանքը կընդունվի ու կվճարվի, ապա սխալվում է։ Աշխատանքները պետք է ավարտել սահմանված ժամկետին և բարձր որակով»,-ընդգծել է նախարարը։

Նախարարը Արտաշարում ծանոթացել է նաև ջրագծի անցկացման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները։

  • Կիսվել: