Գնաս խաղաղությամբ, սիրելի' Լալա, քո դերակատարումները հավերժ մնալու են ժողովրդի սրտում. Թովմաս Պողոսյան
Լալայի ու Աշոտի ընտանիքին ծանոթ եմ ավելի քան 40 տարի ու հիանում էի այդ ընտանիքով։ Իսկ Լալա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր դերասանուհի էր՝ հմայքով լեցուն, գեղեցկատես: Այս մասին, այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։
Նրա խոսքով, Լալայի կատարած դերերը ընդմիշտ մնալու են հայ բերմարվեստի պատմության մեջ։
«Ուժեղ մարդ էր Լալան։ Կնոջը նույնիսկ ոչ բնորոշ ուժ ուներ, խելացի ու համարձակ էր: Երբեք չէր բողոքել առողջական խնդիրներից, նույնիսկ ինքն էր մեզ խորհուրդներ տալիս, որ ավելի առողջ ապրենք, աբելի գեղեցիկ ապրենք: Շատ ակտիվ էր կյանքի բոլոր հարցերի նկատմամբ»,- ասաց Թովմաս Պողոսյանը:
«Սիրելի էր մեր ժողովրդի համար։ Գնաս խաղաղությամբ, սիրելի Լալա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։


