Գնալով նվազում է կորոնավիրուսից մահացածների միջին տարիքային շեմը. նախարար
Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ վերջին օրերի վերլուծությունները ցույց տվեցին, որ շատ ենք ունենում մոտ հասցեներում վարակման դեպքեր՝ հարեւան շենքերում, նույն փողոցի տներում, եթե սեփական տներ են, ընդհանուր խանութից օգտվողների շրջանում եւ այլն:
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գալիս ենք եզրակացության, որ դիմակ չկրելը համատարած է: Այո, մենք կարող ենք կենտրոնական փողոցներում, նույնիսկ մարզային կենտրոնների կենտրոնական փողոցներում հանդիպել շատ դիմակով մարդկանց, սակայն նրանցից շատ քիչ հանդիպել բակերում հարեւանների հետ զրուցելիս առանց դիմակների: Վերլուծաբանները մեզ առաջարկում են հենց թիրախավորված այդ ուղղությամբ աշխատել: Պատահական չէ, որ ես սկսեցի հասցեներ հրապարակել:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առնվազն ռիսկի խմբի քաղաքացիներին կրել ավելի շատ բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի շատ են պաշտպանում»:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ գնալով նվազում է կորոնավիրուսից մահացածների միջին տարիքային շեմը: Նա ասաց. «Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ ունեն շաքարային դիաբետ, չգիտեն, որ ունեն զարկերակային գերճնշում: նաեւ դրա պատճառով է, որ պետք է կրել դիմակներ միշտ եւ ամենուր:
Հայտնագործությունը, որ վիրուսն օդի մեջ մնում է տասնյակ րոպեներ, նշանակում է, որ եթե մենք նույնիսկ կանգնած ենք միայնակ որեւէ վայրում, ոչ մի երաշխիք չկա, որ այդտեղոց 5 րոպե առաջ չի անցել որեւէ մեկը, որը փռշտացել կամ հազացել է եւ դուրս է նետել վիրուսի միլիոնավոր մասնիկներ»:



