ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Գիշերը պարեկները երեխային գրկած կնոջը նստեցրել են մեքենան, հանել բանալիները, իսկ ամուսնուն՝ տարել․ «Հրապարակ»

Գիշերը պարեկները երեխային գրկած կնոջը նստեցրել են մեքենան, հանել բանալիները, իսկ ամուսնուն՝ տարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 14-ին՝ կեսգիշերին մոտ, արմավիրցի Տիգրան Ադամյանը, նրա եղբայրը՝ ՌԴ բնակիչ Վիգեն Ադամյանը, եւ վերջինիս կինն ու 6 ամսական երեխան հայտնվել են պարեկների պաշարման մեջ: Ընտանիքն Արմավիր էր վերադառնում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղից, որտեղ հյուրընկալվել էր ընկերների մոտ:

«Գիշերը պարեկները կանգնեցրել են մեքենան եւ ասել՝ աջ թարթիչը չի աշխատում: Եղբայրները, երկուսն էլ սթափ վիճակում, ապացուցել են, որ մեքենան սարքին է, թարթիչներն էլ աշխատում են: Ավելին, ասել են՝ եթե նույնիսկ այդպես է, բարի եղեք օգնել, ուղղություն ցույց տալ, որ փորձանքի մեջ չընկնենք: Եղբայրների «հանդուգն» պահվածքը դուր չի եկել պարեկներին: Ասել են՝ դուք ո՞վ եք, որ իրավունք բանեցնեք մեզ վրա: Եվ, իբր, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար վարորդին ու նրա ռուսաստանաբնակ եղբորը քաշքշելով, նվաստացնելով, ֆիզիկական ճնշում գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել ու բերման ենթարկել ոստիկանության Եղվարդի բաժին: Տղամարդկանցից մեկը գոռացել է, որ ձեռնաշղթան թուլացնեն, ոսկորը կոտրվում է, բանի տեղ չեն դրել»,- պատմում է իրավապաշտպան Այսեր Իսայանը:

 

Դեպքը տեղի է ունեցել Վիգեն Ադամյանի կնոջ ներկայությամբ, ով, 6 ամսական երեխան գրկին, ամբողջ ընթացքում փորձել է մեղմել դրությունը: Սակայն պարեկները կնոջն էլ են քաշքշել, ամենավատ բառերով վիրավորել, նույնիսկ ուշադրություն չեն դարձրել ցրտից ու աղմուկից անընդհատ լացող երեխայի վրա: Ավելին, երեխան գրկած կնոջը քաշքշելով ստիպել են նստել մեքենան, որից հետո պարեկներից մեկը հանել է մեքենայի բանալիները, եւ կնոջն ու նրա մանկահասակ երեխային թողնելով մեքենայի մեջ, հեռացել են՝ իրենց հետ տանելով Ադամյան եղբայրներին:

 

«Սադիստները մեքենայի բանալիները հետները տարել են, որ կինը շարժիչն աշխատեցնելու եւ մեքենան տաքացնելու հնարավորություն չունենա: Գիշերվա կեսին, -10 աստիճան ցրտին այդ խեղճերը ժամերով մնացել են խաչմերուկում՝ մրսած, վախեցած, առանց օգնության: Սրանք թուրքից էլ վատ են պահել իրենց: ՆԳՆ դառնալով՝ դարձել է 80-ականների մլիցա»,- ասում է մեր զրուցակիցը:

Մի այլ ներկայացում էլ բեմադրվել է ոստիկանության Եղվարդի բաժանմունքում: Ըստ իրավապաշտպանի՝ կարծես փորձել են «բան» գցել տղամարդկանց գրպանը: Խուզարկել են առանց ընթերակաների ու փաստաբան ներգրավելու: Երբ ռուսաստանաբնակ տղամարդը փաստաբանին զանգելու հնարավորություն է պահանջել ու ասել՝ ո՞վ եք, որ մտնում եք գրպանս, ոստիկաններն ավելի են զայրացել: Օձիքը հավաքել ու սկսել են քաշքշել: Ասել են՝ էդքան ձիգ տղա ե՞ս, արա:

«Պարեկներից սկսած մինչեւ բաժնում գտնվող ոստիկանության ինչ-որ մայոր, իրենց չափազանց լկտի են պահել: Ես զանգահարել եմ 1-02՝ օպերատիվ կառավարման կենտրոն, առանձին դրվագներով երկու հաղորդում ներկայացրել: Մեկը՝ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Վիգեն Ադամյանի կնոջ հանդեպ կիրառված բռնության վերաբերյալ, մյուսը՝ կոնկրետ ոստիկանության աշխատակցի կողմից Եղվարդի բաժնում կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչը մեր կողմից դիտարկվում է որպես հիմնավոր կասկած, քանի որ ընթերականեր ու փաստաբան չեն ներգրավել, հակառակը` հրաժարվել են, վիրավորել ու հայհոյել, փորձել են ծեծել»:

Մինչեւ գիշերվա ժամը 2-ը երիտասարդ կինն ու մանկահասակ երեխան մենակ, անպաշտպան մնացել են մեքենայի մեջ` ցրտին: Իսկ տղամարդկանց նկատմամբ արձանագրություն են կազմել եւ բաց թողել: «Եղբայրները գրել են, որ չեն ընդունում արձանագրվածի բովանդակությունը»,- ասաց Իսայանը:

Նա գրավոր բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, ՆԳ նախարարին, ՆԳ ներքին անվտանգության վարչությանը՝ ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, լիազորություններն անցնելու եւ սահմանադրորեն ամրագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման վերաբերյալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: