չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գերմանիայում ճանապարհը փակած 200 հայ վարորդի վարորդական իրավունքները կարող են վերցնել

Գերմանիայում ճանապարհը փակած 200 հայ վարորդի վարորդական իրավունքները կարող են վերցնել

Գերմանիայում բնակվող հայերն առաջիկայում դարձյալ բողոքի ակցիաներ կանեն՝ գերմանական ԶԼՄ-ներից պահանջելով անաչառ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։ Նախորդ ուրբաթ օրը Գերմանիայի հայերը փակել էին երկրի թիվ մեկ արագընթաց մայրուղին՝ ավտոբանը, որը Համբուրգի նավահանգիստ տանող ճանպարհն է։ Այս ակցիայով հայերը կարողացել են գերմանական առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել, որոնք եկել ու լուսաբանել են իրենց։ Գերմանիայի Համբուրգ քաղաքի բնակիչ Սարգիս Վարդանյանն, ով այս ակցիայի կազմակերպիչներից է, Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ստիպված են եղել փակել այդ կարևոր մայրուղին, քանի որ նախկինում այլ քաղաքներում ակցիներ արել են, բայց գերմանական ԶԼՄ-ները չեն լուսաբանել հայերի խնդիրը, գրում է Lragir.am-ը։

«Նախքան այդ մեր ոչ մի ակցիա ոչ հեռուստատեությամբ, ոչ ռադիոյով չէին լուսաբանել։ Մեզ այնպիսի քայլ էր պետք, որպեսզի հեռուսատեսությամբ ցույց տային, որ հայերն այսպիսի խնդիր ունեն, որ ամբողջ Գերմանիան տեսներ մեր խնդիրը։ Ես աշխատում եմ գերմանացիների հետ, նրանք տեղեկացտված չեն, որ Արցախում պատերազմ է, զարմանում են, հարցնում են՝ ինչո՞ւ է պատերազմ»,- ասաց Սարգիս Վարդանյանը։

Նրա խոսքով՝ գերմանական հեռուստատեսություններն ընդհանրապես չեն անդրադառնում Արցախի խնդրին, ռադիոյով լուրերը հայտնելիս ասում են՝ Ղարաբաղն ու Արդբեջանն պատերազմի մեջ են, բայց ոչ Թուքրիայի, ոչ էլ ահաբեկիչների անուն չեն տալիս։ «Եվ այնպես են ներկայացնում, ոնց որ ագրեսորները մենք ենք։ Մեր ակցիայից հետո, երբ ավտոբանը փակեցինք, սկսեցին հեռուստատեսությունների գլխավոր լուրերով էլ ցույց տալ ու ներկայացնել այն, ինչ մենք էինք ասում»,- հավելեց նա։

Սարգիսի խոսքով՝ ճանապարհը փակելը վատ է անդրադարձել Գերմանիայում ապրող հայերի վրա։ «Դա իրենց գլխավոր եկամտաբեր ճանապարհն է, հիմնական բոլոր բեռնատարները այդ ճանապարհներով են տեղաշաժվում։ Երբ մենք փակեցինք, համարյա 200 կմ խցանում էր առաջացել, բեռնատարների միջի ապրանքները փչացան, այլ վատ հետևանքներ եղան։ Գերմանացիներն իրենց մեկնաբանություներում գրում էին՝ մենք ի՞նչ մեղավոր ենք, որ Հայաստանում պրոբլեմ է, գնացեք ձեր երկիր, կռիվ արեք։ Մենք էլ ասում էինք՝ փակել ենք նրա համար, որ Գերմանիան Եվրոպայի կարևոր երկրներից է, և եթե այդ երկրի իշխանությունը չի ներկայացնում խնդիրն այնպես, ինչպես կա, մենք պետք է նման ակցիաներով մարդկանց ուշադրությունը գրավենք»,- նշեց նա։

Սարգիսը հավելեց․ «Մեզ վրա սա վատ է անդրադառնում, քանի որ հեղափոխությունից հետո, երբ վարչապետն այցելել էր Գերմանիա, ասել էր՝ Հայաստանն ապահով երկիր է, մարդիկ կարող են վերադառնալ։ Մեզ էլ այստեղ նեղում են, ոչ կարգավիճակ են տալիս, ոչ աշխատանք, հատկապես վարչապետի այցից հետո մեր կարգավիճակը վատացավ։ Ով ապրելու իրավունք էր ստացել կամ աշխատանք, ձեռքներից վերցրեցին։ Մեր ակցիան մենք էլի մեր զինվորի համար ենք անում, բայց ավտոբան փակելը այստեղ խիստ խախտում է համարվում։ Ավելի լավ է մարդ սպանես, քան այդ ճանապարհը փակես։ Մոտ 200 մեքենայով փակել ենք, և սպասվում է, որ 200 հայ վարորդի վարորդական իրավունքները կարող են վերցնել։ Այսինքն՝ մենք մեծ ռիսկի ենք դիմել, որ մեր ձայնն ավելի լսելի դարձնենք»,- ասաց նա։

Գերմանիայն ու մյուս եվրոպական երկրները պասիվ են Արցախի հարցում, քանի որ, Սարգիս Վարդանյանի խոսքով, Թուրքիանի կողմից հստակ շանտաժ է գործում՝ կապված դեպի Եվրոպա Սիրիայից փախստականների հոսքի հետ։

  • Կիսվել: