շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերիների ծնողները գեղեցիկ միջոցառում են արել՝ քայլերթ դեպի Եռաբլուր, չեք լուսաբանել, երբ իրար հրմշտում են, լուսաբանում եք․ Փաշինյանի օգնականը՝ լրագրողներին

Գերիների ծնողները գեղեցիկ միջոցառում են արել՝ քայլերթ դեպի Եռաբլուր, չեք լուսաբանել, երբ իրար հրմշտում են, լուսաբանում եք․ Փաշինյանի օգնականը՝ լրագրողներին

Երբ ծնողներով գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպել, ոչ մի լրատվամիջոց չի եկել լուսաբանելու, բայց երբ ծնողներով հրմշտոց են կազմակերպում, բոլորը գալիս, լուսաբանում ու վարկաբեկում են։ Այս մասին Կառավարության մոտ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն ուզում անհետ կորածների ու գերիների հարազատների հետ բաց քննարկում անել, որ ԶԼՄ-ները նույնպես ներկա լինեն։

«Բաց քննարկումները հիմնականում վատ արդյունք են տվել մինչև այսօր, լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են մոտեցել, վարկաբեկել են ծնողներիկն ամեն կերպ»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե  լրագրողներն ամեն ինչն էլ լուսաբանում են, նա արձագանքեց՝ լրատվամիջոցներն օբյեկտիվ չեն։

Հարցին՝ այս պարագայում գեղեցիկ միջոցառումը ո՞րն է, Փաշինյանի օգնականն արձագանքեց՝ երբ քայլերթ է եղել դեպի Եռաբլուր։ Հարցին՝ դա գեղեցի՞կ է համարում, Փաշինյանի օգնականն արձագանքեց՝ իհարկե։

  • Կիսվել: