երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի մոդելը կհստակեցվի ուսումնասիրության արդյունքներով. ՏԿԵ նախարար

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի մոդելը կհստակեցվի ուսումնասիրության արդյունքներով. ՏԿԵ նախարար

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգահամակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները։ Այդ նպատակով նախորդ տարի կառավարությունը հիմնել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այս պահին գտնվում է կադրային համալրման փուլում»,-նշեց նախարարը։

Նա ընդգծեց, որ շարունակվում են նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի մինչև 2036 թվականը երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

  • Կիսվել: