Եթե ԱԱԾ-ն զուգընկերուհուս կրծկալից կհանի պետական անվտանգության տեղեկատվություն, ես օք եմ.Աղազարյան
Բոլորս գիտեինք, որ եկեղեցականները չեն պահում կուսակրոնությունը, իհարկե, սա ևս ենթադրության մակարդակի է, ոչ թե ապացուցված փաստ, իսկ երբ ասում են՝ կուսակրոն, այդ կուսակրոնությունը չէ՞ որ ինչ-որ պահից հետո են ընդունում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ասում են՝ մեկը կարող է կուսակրոնություն ընդունել 30 տարեկանից։ Բա մինչ այդ կուսակրոն չէր, հետո դարձավ կուսակրոն։ Այսինքն՝ կուսակրոնությունը, ես՝ նվաստս, որ երբեք չեմ եղել ու չեմ հանդիսանում չգիտեմ` ինչ մակարդակի հավատացյալ, հասկացել եմ հետևյալ ձևով՝ այդ մարդիկ չեն ամուսնանում, որպեսզի ազատ լինեն այդ հոգսերից ու ծառայեն։ Հետո, երբ ասում են՝ խախտել են կուսակրոնությունը, եկեք գնանք դարերի խորքերը։ Եկեք հաշվենք՝ տեսնենք քանի հոգևորականներ ենք ունեցել այդ մակարդակի։ Բոլորս էլ գիտենք՝ կրթված, զարգացած, ուժեղ մարդիկ են եղել։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդպիսի մարդիկ սերունդ չունենային, հնարավոր է՝ այսօր պետություն էլ չունենայինք»,- ասաց Աղազարյանը։
Հարցին՝ շատերը համեմատում են, ասում են, որ եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փորձեր Ձեր SMS-ները կարդալ և Ձեր անկողին մտնել, ապա դա չէր կրկնի Վեհափառի հետ, համաձա՞յն եք այդ դիրքորոշմանը, Աղազարյանը պատասխանեց․ «Այո, շատ տեղին հարց է։ Եթե ինչ-որ մեկը խախտում է ինչ-որ պայմանական սկզբունքներ, այստեղ բարոյականության հարց է դրվում։ Ո՞րն է ավելի բարոյական կամ անբարոյական՝ տվյալ հանգամա՞նքը, թե այն հանգամանքը, երբ դու մտնում ես մարդու անձնական կյանք՝ անձնական տարածք։
Հիմա, եթե հատուկ ծառայությունները՝ կապ չունի՝ ինչ եղանակով, իմ զուգընկերուհու կրծկալի միջից հանեն փաստաթուղթ, կամ կհանեն փաստաթուղթ, որը պարունակում է պետական անվտանգության համար արժեքավոր տեղեկատվություն, ես՝ օքեյ եմ, ընդ որում՝ կրծկալը հագած վիճակում։ Բայց եթե հատուկ ծառայությունները կամ որևէ մեկը սադրանք են կազմակերպում, նախապատրաստում նման բաներ, տեղադրում այս կամ այն վայրերում և հետո իբր գտնում ու «բացահայտում» են, ապա՝ հարամ լինի իրենց կերած հացը»։