Գեղարքունիքի մարզում ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com –ը:
ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Հարություն Սարգսյանն ու տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն իրենց ավտոմեքենաները դեպքի վայրում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի պարկերով և մեծ մասը ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով թափվել է:



