շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Գեղարքունիքի մարզում ավարտին է հասցվել սուբվենցիոն 85 ծրագիր

Գեղարքունիքի մարզում ավարտին է հասցվել սուբվենցիոն 85 ծրագիր

Գեղարքունիքի մարզում այս տարվա ընթացքում հաջողվել է կյանքի կոչել 85 սուբվենցիոն ծրագիր՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված 104 ծրագրի փոխարեն։ Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ կառավարության կողմից 2020 թվականին հաստատվել է 6 միլիարդ 52 միլիոն դրամի սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության տարբեր ծրագրեր, սակայն 2020 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ հաջողվել է իրականացնել 5 միլիարդ 308 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ։

«77 ծրագիր ավարտված է ամբողջությամբ, 8 ծրագրի շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթանում են փաստաթղթավորման աշխատանքները։ Վեց ծրագիր դադարեցվեց սահմանամերձ համայնքներում, ռազմական գործողությունների գոտուն մոտ գտնվելու պատճառով, մի շարք ծրագրեր էլ չհաջողվեց իրականացնել տարբեր պատճառներով։ Դրանք կյանքի կկոչվեն եկող տարվա ընթացքում։ Մեր դիտարկումները ցույց են տվել, որ ավարտի հասցված շինարարությունները հանձնվել են որակական բավարար արդյունքներով։ Իրականացված ծրագրերի արդյունքում համայնքներում լուծում են ստացել տարիներ ի վեր կուտակված բազմաթիվ հիմնահարցեր, բարելավվել է բնակչության կյանքը, զարգացել են ենթակառուցվածքները, ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր։ Չնայած համավարակի  եւ մեզ պարտադրված պատերազմի հետեւանքներով առաջացած դժվարություններին՝ մենք կարողացանք ունենալ նկատելի ձեռքբերումներ՝ ավարտի հասցնելով հաստատված ծրագրերի մեծ մասը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետը։  

Իրականցված սուվբենցիոն ծրագրերն ունեցել են 4 հիմնական ուղղություն՝ ճանապարհաշինություն, խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցում, լուսավորության ցանցի անցկացում, մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում։  2 միլիարդ 913 միլիոն դրամ ծախսվել է ճանապարհաշինության, 1 միլիարդ 423 միլիոն դրամ՝ խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման, 455 միլիոն դրամ՝ լուսավորության ցանցերի անցկացման, 517 միլիոն դրամ՝ համայնքների մանկապարտեզների շենքերի կառուցման կամ հիմնանորոգման ուղղություններում։

  • Կիսվել: