ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խմբին ճանապարհեցին Հայոց բանակ

Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խմբին ճանապարհեցին Հայոց բանակ

Գեղարքունիքի մարզում անցկացվեց 2022 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը։ Հայոց բանակ ճանապարհվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից:

Զորակոչի արարողությանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը շնորհավորեց նորակոչիկներին և նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղեց հայրենիքի պաշտպաններին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակում զինվորական ծառայության մեկնելու առթիվ։ Վստահ եմ, որ դուք բարձր կպահեք Հայոց բանակի զինվորի պատիվը, կծառայեք անձնվիրաբար և կցուցաբերեք ամենայն պատասխանատվություն՝ ձեր առջև դրված պարտականությունները կատարելու ընթացքում: Համոզված եմ, որ կհանդիպենք երկու տարի անց, երբ դուք ավելի հասունացած կլինեք և կայացած տղամարդ։ Բարի ծառայություն և բարի վերադարձ եմ ցանկանում բոլորիդ»,- նշեց մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը:

Այնուհետև Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Նշան քահանա Սարգսյանի:

Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ և բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհեցին իրենց զավակներին:

«Այսօր մեր համար առանձնահատուկ օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Չնայած մի քիչ տխուր ենք, բայց այդ զգացողությունը միախառնվում է ուրախությանը, քանի որ գիտակցում ենք, որ ունենք այնպիսի զավակներ, որոնց վստահվում է Հայոց բանակում ծառայելու սրբազան պարտքը։ Թող բարով ծառայեն ու անփորձանք վերադառնան տուն։ Մաղթում ենք խաղաղություն մեր երկրին և հայրենի սահմաններին, իսկ ծառայությունը պատվաբեր գործընթաց է յուրաքանչյուր երիտասարդի համար»,- նշեցին նորակոչիկների ծնողները:

  • Կիսվել: