երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գավառի  Սուրբ  Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնի պատարագ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան տոնի պատարագ

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ մասնակցությամբ Գավառի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի։

Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից, պատարագի ընթացքում Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանն ընթերցել է տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հղած հայրապետական պատգամը։

Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեքի կարգ։

Այս տարի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում Ջրօրհնեքի կնքահայրեր են դարձել Հայոց բանակի ժամկետային զինծառայողներ, որոնք հայրենիքի համար մղված պատերազմում հերոսաբար մարտնչել էին եւ վիրավորվել։ Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում խաչեղբայրության պատիվն ընծայվել է Գավառի բնակիչ, 19-ամյա զինծառայող Աշոտ Զախարյանին։

Ջրօրհնեքի ավարտին Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը վերստին Սուրբ Ծննդյան ավետիսը բերեց ներկաներին՝ մաղթելով, որ օրհնված ջուրը բժշկություն պարգեւի հիվանդներին, մաքրությամբ, սիրով եւ խաղաղությամբ լցնի նրանց հարկերը եւ մանուկ Հիսուսի Ծննդյան ավետիսը բարօր ու անսասան պահի մեր հայրենիքը։

 

  • Կիսվել: