երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ

Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ

Հուլիսի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։

ՌԴ արտգործնախարարը խորին ցավակցություն է հայտնել հուլիսի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով իրանցի նավաստու մահվան կապակցությամբ։ Հարձակման թիրախ էր դարձել քաղաքացիական բեռով Աստրախանից դուրս եկած Իրանի «Անա» բեռնանավը։

Լավրովը խնդրել է իր զորակցության խոսքերը փոխանցել զոհվածի հարազատներին ու մտերիմներին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին ցուցաբերած օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի գործողությունների նման դրսևորումները։

Արաղչին նաև տեղեկացրել է Լավրովին Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին, որոնք ձեռնարկվում են ԱՄՆ-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարձակումից հետո։

  • Կիսվել: