հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողություն

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողություն

Մայիսի 15-ին Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության։ Այգու բացումը կատարվեց Մոնպելիեի քաղաքապետ Միքայել Դըլաֆոսի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կողմից։ Ելույթներով հանդես եկան Մոնպելիեի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Մոնպելիեի Հայկական ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի պրոֆեսոր Ժերար Դեդեյանը, ինչպես նաև Մոնպելիեի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ Գոհար Գալստյանը և Հովհաննես Սարգսյանը։

Դեսպան Տոլմաջյանը երախտիքի խոսք հայտնեց Մոնպելիեի քաղաքային խորհուրդին և քաղաքապետ Դըլաֆոսին՝ քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկը Հայաստանի անունով անվանակոչելու որոշման համար՝ ընդգծելով, որ այն հարգանքի տուրք է Հայաստանի և Մոնպելիեի միջև ամուր բարեկամությանը, որը սկիզբ է առնում դեռևս միջնադարից, երբ ակտիվ շփումներ էին հաստատվել Ֆրանսիայի պատմական Լանգըդոկ շրջանի և Կիլիկյայի հայկական թագավորության միջև։

Այս համատեքստում դեսպանը նաև հիշատակեց հայոց վերջին արքայի՝ Լևոն 5-րդ Լուսինյանի հանդիսավոր հյուրընկալումը Մոնպելիե քաղաքում։ Շարունակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Դըլաֆոսին և քաղաքային խորհրդին՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար՝ ի պաշտպանության Արցախի ժողովրդի և նրա իրավունքների։ Դեսպանը հիշատակեց նաև Մոնպելիեի դինամիկ և ակտիվ հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների հայրենանվեր գործունեությունը։

Այդ համատեքստում նաև ընդգծվեց պրոֆեսոր Դեդեյանի կարևոր ներդրումը՝ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Մոնպելիեի միջև համագործակցության ամրապնդման հարցում։ Ելույթներին հաջորդեց մշակութային ծրագիր, որի ընթացքում հնչեցին Եղիշե Չարենցի բանաստեղծություններ, Շառլ Ազնավուրի և մի շարք այլ հայ հեղինակների երգեր՝ Մոնպելիեի Հայկական ընկերակցության դպրոցի երեխաների կատարմամբ, ինչպես նաև դուդուկով կատարումներ ու հայկական ազգագրական պարեր՝ Ֆրանսահայ Երիտասարդաց Միության (JAF) ներկայացուցիչների մատուցմամբ։

Միջոցառումից հետո դեսպան Տոլմաջյանը գրառում կատարեց Մոնպելիեի «Ոսկե գրքում: Հայաստանի զբոսայգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Էրո դեպարտամենտի սենատոր Հուսեին Բուրգին, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը, Մոնպելիեի Փաստաբանական խորհուրդի նախագահ Նիլոկա Բեդել դը Բուզարենգեսը, նույն խորհուրդի նախկին նախագահ Լյուկ Կըրկաշարյանը, ինչպես նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Էրո դեպարտամենտի շրջանային և Մոնպելիեի քաղաքային խորհուրդների անդամներ։

  • Կիսվել: