չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել ՝ ԱՀ-ից տեղահանված և Գեղարքունիքում ապաստանածներին օգնելու համար. Սանոսյան

Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել ՝ ԱՀ-ից տեղահանված և Գեղարքունիքում ապաստանածներին օգնելու համար. Սանոսյան

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախից տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած բնակիչներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այս մասին ինձ հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն՝ միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում։

Պատասխան նամակով հայտնել եմ իմ երախտագիտությունը և պատրաստակամությունը՝ Իզերի դեպարտամենտի հետ համագործակցությունը շարունակելու համար։

Նշել եմ, որ մեծ գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ եմ ընդունում պարոն Ժան-Պիեռ Բարբիեի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի զորակցությունը, որն արտահայտվել է ինչպես քաջալերող խոսքերով, այնպես էլ՝ դրամաշնորհային աջակցության տեսքով։

Չափազանց ծանր են պատերազմի պատճառով մեզ հասցված վերքերը, սակայն դրանք արագ հաղթահարելու ճանապարհներ են գտնվում, երբ ի հայտ են գալիս բարի կամքի ու մարդասիրության նման մոտեցումներ։ Իզուր չի ասված, որ իսկական բարեկամությունը ավելի լավ դրսևորվում է նեղության պահին։

Համոզված եմ, որ տարիների մեր համագործակցությունը ոչ միայն կունենա հուսալի շարունակություն, այլ նաև իր նպաստը կբերի մեր մարզի զարգացմանը, աղետալի պատերազմից տուժած և Գեղարքունիքի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կենսական խնդիրների հաղթահարմանը։

Մեր հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին Իզերի դեպարտամենտի կողմից ցուցաբերված աջակցությունը մեզ միայն հուսադրում է, տրամադրում ստեղծարար աշխատանքի: Գեղարքունիքի մարզի բնակչության, մարզում ապաստանած արցախցիների և անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում նման մարդասիրական ձեռնարկի համար, վստահեցնելով, որ տրամադրված դրամաշնորհային աջակցությունը կունենա հստակ հասցեականություն և արդյունավետորեն կծառայի իր նպատակին»,-գրել է նա:

  • Կիսվել: