հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին հորդորում են լքել Լիբանանը

Ֆրանսիան, Նորվեգիան և Բելգիան իրենց քաղաքացիներին հորդորում են լքել Լիբանանը

Բելգիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունները Լիբանանում գտնվող իրենց քաղաքացիներին հորդորել են լքել երկիրը, տեղեկացնում է kommersant.ru-ն։

Մասնավորապես՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումն Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների վրա և քաղաքացիներին խորհուրդ է տվել հետաձգել Լիբանան, Իսրայել և Պաղեստին ուղևորությունները։

Իր հերթին Բելգիայի ԱԳՆ-ն նշել է, որ Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածից հետո խորհուրդ է տրվում չմեկնել Իսրայել, Երուսաղեմ և պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան։ Բելգիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Լիբանանը:

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես նման հայտարարություն է տարածել. «Եթե անվտանգային իրավիճակը վատթարանա, երկիրը լքելը կարող է չափազանց դժվար լինել։ Այս իրավիճակում Նորվեգիայի իշխանությունների՝ Լիբանանում գտնվող Նորվեգիայի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը չափազանց սահմանափակ կլինի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների մի մասը Լիբանանի տարածքից ենթարկվել է հրթիռակոծության, զոհվել է 12 երեխա և դեռահաս: Իսրայելը մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ին, որը հերքել է իր առնչությունը հրթիռակոծությանը:

  • Կիսվել: