շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները ՀՀ-ում օգտատերերի վրա կտրուկ ուժգնացել են․ Կասպերսկի

Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները ՀՀ-ում օգտատերերի վրա կտրուկ ուժգնացել են․ Կասպերսկի

Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,3%-ը 2020-ի երկրորդ եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում և Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%: 

 

Հայաստանում այն օգտատերերի բաժինը, որոնք 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել են ֆինանսական համակարգչային գրոհենրի, կազմել է 0,5%, իսկ Վրաստանում և Ադրբեջանում 0,7%։

2020-ի ապրիլ-հունիսին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված  օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Թուրքմենստանում՝ 7,5%, որին հաջորդում են Ուզբեկստանը (5,7%) և Տաջիկստանը՝ (5,6%)։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2020-ի երկրորդ եռամսյակում հետ են մղվել աշխարհի 181 725 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 228 206-ի փոխարեն։

 

Կիբեռահանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ և փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաև սպամի, ֆիշինգի և ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային և կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում  բանկային քարտերի և վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը։

Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը  100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։

Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։

  • Կիսվել: