Բիոմետրիկ համակարգը միայն անձնագրի կազմի գույնի ու դիզայնի փոփոխությունը չէ. ՆԳ նախարար
Շատ ցավում եմ. ՆԳ նախարարության թերությունն է, որ մեզ դեռ չի հաջողվել բոլորիդ տալ այն ընկալումը, թե ինչ է բիոմետրիկ համակարգը։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով կենսաչափական անձնագրերի մասին։
Նրա խոսքով՝ բիոմետրիկ համակարգը միայն անձնագրի կազմի գույնի ու դիզայնի փոփոխությունը չէ։
«Դուք եք արդարացիորեն մշտապես բարձրացրել այդ հարցը, որ մեր տրամադրած կապույտ գույնի անձնագրերն անորակ են, դրանք հնարավոր է կեղծել, հերթերում անվերջ կանգնում ենք, երբ առնչվում ենք տարբեր երկրների սահմանապահների հետ։ Բիոմետրիկ այս համակարգի առնչությամբ ես կարող եմ այսօր փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ներդրել է աշխարհում լավագույն լուծումը, որովհետև հաշվի է առել տարբեր երկրների թե՛ դրական փորձառությունները, թե՛ նաև քաղած դասերը, և այսօր Հայաստանում ներդրվել է այսպիսի համակարգ։ Ընդ որում, պետք է փաստեմ, որ ԵՄ գերբծախնդիր փորձագետներն են դիտարկել նաև այս համակարգը վիզաների ազատականացման շրջանակներում, երբ գնահատման հանձնաժողով ունեինք»,– ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ այս նոր համակարգերում թե՛ անձնագրերը, թե՛ նույնականացման քարտերն ունեն համապատասխան չիպ, որը քաղաքացիներին ավելի լայն հնարավորություն է տալիս։



