ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել Երևանում զինված ինքնագլորավարի հայտնաբերման դեպքից
Երևանում ինքնագլորով երթևեկող երիտասարդի մոտ զենք հայտնաբերելու դեպքով ոստիկանությունը սպանության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ուր էր գնում զինված երիտասարդը և արդյոք պատրաստվում էր հանցագործություն կատարել։
Նրա խոսքով՝ դեպքի ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքը շարունակվում է։
«Այս պահի դրությամբ օպերատիվ աշխատանք ենք տանում, որպեսզի ամբողջ պատկերը բացահայտենք։ Սպանության նախապատրաստությունով ենք հաղորդումն ուղարկել՝ հաշվի առնելով ընդհանուր առմամբ պայուսակի պարունակությունը։ Բայց դրանից ավելի բան այս պահի դրությամբ հայտարարել չեմ կարող։ Կսպասենք մեր օպերատիվ աշխատանքի ավարտին, նոր վերջնական պատկերացում կունենանք»,-նշել է Սարգսյանը։
Նախարարը հայտնել է, որ երիտասարդին կանգնեցրած և ստուգած պարեկները կխրախուսվեն։ Նա կարևորել է հանցագործությունների կանխման դեպքերում ծառայողների աշխատանքի գնահատումը։
«Վերջերս հաճախակիացել են մեր կողմից սպանության նախապատրաստությունների բացահայտումները, այսինքն՝ չենք ունենում սպանության իրավիճակ։ Բոլոր ծառայողները պիտի ենթարկվեն խրախուսանքի, որովհետև ես կարծում եմ՝ դա մոտիվացիայի լրացուցիչ աղբյուր կհանդիսանա, որպեսզի իրենք աշխատեցնեն իրենց բոլոր գործիքակազմերը»,-ասել է նախարարը։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Երևանի Սիլիկյան թաղամասում պարեկները նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող երիտասարդի, որը նրանց տեսնելով փորձել է փախչել։ Երևանի 27-ամյա բնակչին ձերբակալել են։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։



