Ուշիի վթարի պատճառը նախնական գնահատմամբ կարող էր մեքենաներից մեկի արգելակման խնդիրը լինել. ՆԳ նախարար
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ պարեկային ծառայողների նախնական գնահատականը մեքենայի արգելակման հնարավոր խնդրին է առնչվում։ Սակայն դեպքի պատճառները դեռ պետք է պարզվեն քրեական վարույթի շրջանակում։
Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախորդ երեկոյան տեղի ունեցած վթարին, որի հետևանքով 9 մարդ է մահացել, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախարարը շեշտել է, որ առկա գնահատականները նախնական են, և խուսափել է վերջնական պատճառ նշելուց։
«Պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենաներից մեկի արգելակման հետ կապված է խնդիր եղել, որովհետև ճանապարհին չկան արգելակման մասին վկայող հետքեր։ Բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է։ Որևէ մեկդ, խնդրում եմ, այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը, որովհետև վարույթով դեռ պետք է հստակ հասկանանք պատճառները»,- ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ ցանկացած նման դեպք, անկախ ընդհանուր վիճակագրությունից, ողբերգություն է, որից անհրաժեշտ է հետևություններ անել։
Ճանապարհային անվտանգության ընդհանուր խնդիրների համատեքստում Սարգսյանն առանձնացրել է պարեկային վերահսկողությունը, ճանապարհների անվտանգության կահավորանքը, մեքենաների տեխնիկական վիճակն ու վարորդների վարքագիծը։
Նախարարի գնահատմամբ՝ տեխնիկական զննության պատշաճ իրականացումը շարունակում է խոցելի ուղղություն մնալ։ Նա նաև ընդգծել է զննությունների միջև ընկած ժամանակահատվածում հայտնաբերված անսարքությունները վերացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ մեքենան չվերանորոգելը կարող է վտանգավոր իրավիճակների հանգեցնել։
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով կա ինը զոհ և երեք վիրավոր։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Նախաքննությունը շարունակվում է։



