երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի հետ քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման հարցը

Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի հետ քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման հարցը

Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։

Մետրոպոլիտենից  հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ԵՆԲ ֆինանսական գործարքների կառավարման պատասխանատու Ալեսանդրո Կանուտոն, ԵՆԲ տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ Իշտվան Հեյնցինգերը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ Անդրիյ Մակսիմովիչը, Կարինե Լալաֆարյանը և առցանց կապով՝ Ալյոնա Չետինը։

Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հետագա հարաբերությունների զարգացումը։

Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի փուլ 2-ի շրջանակներում կողմերը քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների իրականացման ժամկետները։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ դրենաժային թունելի երկարացումը թույլ է տալիս մետրոպոլիտենին գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարևոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա էլեմենտների, սարք ու սարքավորումների ծառայության և պիտանելիության ժամկետները՝ հետևաբար տարեկան կտրվածքով նաև խնայել զգալի գումարներ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի և դրա հետ կապված վճարումների, 2022 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվության, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի ինչպես նաև ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ։

  • Կիսվել: