հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե ուզում եմ՝ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պիտի լինեմ ես․ Վարդապետյան

Եթե ուզում եմ՝ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պիտի լինեմ ես․ Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին:

Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել է դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր:

Պատասխանելով ապագա իրավաբան Մելինե Մանուցյանի այն հարցին, թե ինչո՞ւ է համաձայնել ստանձնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, Աննա Վարդապետյանն անդրադարձել է առաջարկն ընդունելու վերաբերյալ իր որոշման հիմնական պատճառին:

«Երկար ժամանակ չունեի մտածելու: Մի գործոն կար, որ լուրջ ազդեցություն ունեցավ որոշմանս վրա. եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել, եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ այդ փոփոխությունը դառնալ, ինչո՞ւ եմ դա ուրիշից պահանջում: Եթե ես ուզում եմ, որ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետև նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երևույթների հանդեպ ես ներողամիտ չեմ: «Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»֊ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ «ականջներս փակելով», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ուսանողուհի Տաթև Մխիթարյանի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ապագա դատախազներին և գլխավոր դատախազին ՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Չվախենալ, չգնալ զիջումների, որոնց արդյունքում ոտնահարվելու են սկզբունքներդ և լինել ազնիվ՝ ինքդ քո և հարազատ մարդկանց հետ»:

Էտալոնային կերպար ունենալու հարցին ի պատասխան՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է երկու կնոջ՝ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին, ով պաշտոնը ստանձնել է երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում, և Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Դորիս Լեսսինգին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպման համար և հետագայում, Դատախազությունում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողներին, առաջարկել օգտվել քաղաքացիական ծառայության համակարգում ներդրված փորձնակի ինստիտուտի հնարավորությունից և Դատախազության աշխատակազմին միանալով՝ փորձառություն ձեռք բերել:

Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ և օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաև անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ դատախաղերին, գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին:

  • Կիսվել: