շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացնում Առողջապահության նախարարի գործողությունների մասով

ՀՀ ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացնում Առողջապահության նախարարի գործողությունների մասով

ՀՀ ոստիկանությունը ստուգողական գործողություններ է իրականացնում Առողջապահության նախարարի գործողությունների մասով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է մամուլի հրապարակումը կապված նախարարի մասով: Արդյունքում դատախազությունը նախարարի գործողությունների ուսումնասիրության հետագա գործընթացը հանձնարարել է Քրեական ոստիկանությանը, այլ կերպ ասած ոստիկանության 6-րդ վարչությանը։

Հիշեցնեք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզային իր գործուղումներն իրականացնում է ուղղաթիռով՝ Սանավիացիայով, բնականաբար՝ պետբյուջեի հաշվին: Այս մասին նախարարը խոստովանել է լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու մարզ՝ Սյունիք եւ Տավուշ նախարարի այցելությունները իրականացվել են Սանավիացիայի ուղղաթիռով, եւ այցելությունները մեր երկրի բյուջեի վրա արժեցել են տարբեր հաշվարկներով մոտ 2 մլն դրամ:

Այս իրավիճակը հատկապես խոսուն է այն ֆոնին, երբ օրերս Շտապօգնության ծառայության վարորդները կորոնավարակի այս սուր իրավիճակում մի քանի ժամով գործադուլ էին հայտարարել եւ պահանջում էին աշխատավարձի բարձրացում, իսկ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է, թե աշխատավարձի բարձրացման համար գումարներ չկան: Փաստորեն, Շտապօգնության ծառայության վարորդներին պատշաճ վճարելու գումարներ չկան, իսկ նախարարի «վոյաժների» համար «թռիչքային» գումարներ կան։

Հարկ է նշել, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել, որովհետեւ նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ եւ, հետեւաբար, հրատապ որեւէ տեղ հասնելու եւ կյանքեր փրկելու խնդիր չունի: Իրականում նախարարը չի ցանկացել Տավուշ կամ Սյունիք երկար ճանապարհ կտրել հասնել՝ գերադասելով իր տեղակալների հետ ուղղաթիռով երթեւեկել, եւ ոչինչ, որ դա կլինի գերթանկ:

 

Ի դեպ, օրերս նախարար Անահիտ Ավանեսյանն, «Ազատության» հարցին ի պատասխան հպարտորեն նշել էր․ «Այո՛, գործուղվել եմ Սյունիք, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները»։ Դատելով նախարարի պատասխանից՝ իրավապահների գործողությունները նրան ոչինչ չեն ասում եւ նա շարունակելու է իր վոյաժները:

  • Կիսվել: