երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Եթե անձը կարողանում է տեղաշարժվել պրոթեզով, դա համապատասխանում է հաշմանդամության 3-րդ խմբին՝ անժամկետ․ պարզաբանում է մասնագետը

Եթե անձը կարողանում է տեղաշարժվել պրոթեզով, դա համապատասխանում է հաշմանդամության 3-րդ խմբին՝ անժամկետ․ պարզաբանում է մասնագետը

Հաշմանադամության սահմանման չափորոշիչները հաստատելու մասին կառավարության որոշման մեջ հստակ նշված է հաշմանդամության սահմանման ժամկետները: Հաշմանադամությունը սահամանվում է 1-ին խմբի դեպքում 2 տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի դեպքում 1 տարի ժամկետով, հաշմանդամ երեխա կարգավիճակը՝ 2 տարի, 5 տարի, մինչև 18 տարին լրանալը ժամկետներով: Եվ ունենք դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը: 

Անդրադառնալով տարբեր մակարդակի անդամահատում ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքնննությանը և նրանց հաշմանդամության խմբի վերանայմանը՝ Եգանյանը նշեց.

«Պատերազմից անմիջապես հետո վիրավորում ստացած անձանցից շատերը դեռևս պրոթեզավորված, բուժված վիճակում չէին, դեռևս վերքերը փակված չէին: Շատ դեպքերում երկրորդ խմբի հաշմանադամություն սահմանվեց, որպեսզի մարդիկ մեկ տարվա ընթացքում, օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից, կարողանան հասնել այն վիճակի, որը կհամապատասխանի իրենց հիմնական հաշմանդամության խմբին: Եթե հնարվոր է պրոթեզավորում իրականացնել, դա, ըստ չափորոշիչի, համարվում է հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում, ինչը նշանակում է օժանդակ պարագայով շարժվելու կարողություն: Եթե անձը կարողանում է տեղաշարժվել պրոթեզով, դա համապատասխանում է հաշմանդամության 3-րդ խմբին՝ անժամկետ: Իսկ եթե ծայրատն ամբողջությամբ չի վերականգնվել, կան խոցեր, դեռևս այտուցված է, օրգանիզմը դեռևս չի համակերպվել պրոթեզի կրմանը, այս դեպքերում պահպանվել է հաշմանդամության երկրորդ խումբը՝ մեկ տարի ժամկետով. այսպիսի 4-5 դեպք ունենք»,- նշեց Եգանյանը:

Ինչ վերաբերում է այս գործընթացի նկատմամբ առկա դժգոհություններին, որ պատերազմի մասնակիցների ծնողները համաձայն չեն սահմանված հաշմանդամություն խմբի հետ, մասնավորապես, անդամահատված երիտասարդի հաշմանդամության խումբը վերանայվում է, բայց չէ՞ որ եթե ձեռքը կամ ոտքը կորցրել է, իր մոտ որևէ բան չի փոխվելու:

«Անձը չէր կարողանում հավասարակշռությունը պահպանել, պրոթեզավորում չէր իրականացվում, որովհետև այտուցված հատվածներ կային, տեղաշարժվելու համար օգնության կարիք ունեին: Այդ ժամանակ մեծ մասամբ երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվեց, որ մարդիկ մեկ տարվա ընթացքում, օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից, կարողանան վերականգնվել ու գալ հասնել մի վիճակի, որը կհամապատասխաներ իրենց հիմնական հաշմանդամության խմբին: Երբ անձը պրոթեզավորվել է և տեղաշարժվում է պրոթեզով, ապա դա հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում է և համապատասխանում է 3-րդ խմբի հաշմանդամության՝ անժամկետ»,- հավելեց Ռիմա Եգանյանը:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ չնայած իրենց մասնագետների կողմից իրազեկմանը, բացատրելուն, վերափորձաքննության ենթարկված պատերազմի մասնակիցների հարազատները, ծնողները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում բժիշկների նկատմամբ:

«Մեծագույն հարգանք ունենալով բոլոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, որոնք իրենք կյանքը, առողջությունը ներդրել են Հայրենիքի պաշտպանության գործին, դա իրենց իրավունք չի վերապահում պետական աշխատողին վարկաբեկել, վնասել, հայհոյել միայն այն բանի համար, որ նա իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները: Որևէ պետական աշխատող անձնական հարց չունի ծառայության ընթացքում վիրավորվածների հետ»,- հավելեց Ռիմա Եգանյանը:

  • Կիսվել: