երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» փոստային բացիկի և հատուկ ծրարի մարմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» փոստային բացիկի և հատուկ ծրարի մարմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում:

Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ արձանագրել հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը: «Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակն ստացել է այս ոլորտի օսկարի անվանում: Եվ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ, այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ: Եվ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաև իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Հագիվարային այս պատվի համար՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու և մրցանակն ընդունելու: Ես յուրաքանչյուր նման արարողության ժամանակ չեմ հոգնի ասել, որ նման պատվի Հայաստանի Հանրապետությունում քչերն են արժանանում, այն էլ՝ կենդանության օրոք: Ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Հայաստանի խորհրդանիշերից մեկի և ցանկացած պետության քիչ խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը` ևս մեկ անգամ ողջունել Յոշիակի Դեյմոն Հագիվարային Հայաստանում և վստահություն հայտնել, որ այստեղ անցկացրած օրերը դեռ երկար կհիշվեն նրա կողմից:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

  • Կիսվել: