չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ես 1-2 զանգ արել եմ Տեղ համայնք, ասել են՝ առանձնապես բան չի եղել, վիճաբանություն է եղել. Արմեն Խաչատրյան

Ես 1-2 զանգ արել եմ Տեղ համայնք, ասել են՝ առանձնապես բան չի եղել, վիճաբանություն է եղել. Արմեն Խաչատրյան

Տեղ գյուղում ծեծկռտուքի վերաբերյալ մամուլի հրապարակման փաստով իրավասու մարմինները՝ դատախազությունն ու ոստիկանությունը պարտավոր են ուսումնասիրություններ սկսել եւ պարզել հրապարակման մեջ նշված բոլոր հանգամանքները: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Եթե կլինեն հանցակազմի տարրեր, անպայման կուղարկեն քննության, եթե ոչ, ապա կեզրափակվեն միայն ուսումնասիրություններով: Ամեն դեպքում հրապարակումն առիթ է, որ վարույթ սկսվի: Կսկսվի, ընթացքում կպարզեն՝ ինչ է եղել, կամ չի եղել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը հայտարարում է, որ պատճառն այն է եղել, որ ինքն ասել է ինչու պետք է աշխարհազորը փոխարինվի Տեղի բնակիչներով, որից հետո համայնքապետը եւ իր հետ եղած մարդիկ ծեծի են ենթարկել Զեյնալյանին, Արմեն Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչ խնդիր է եղել: Երեկ ես 1-2 զանգ արել եմ Տեղ համայնք, ասել են՝ առանձնապես բան չի եղել, վիճաբանություն է եղել: Չեմ ուզում այդ վիճաբանությունն այստեղ մեկնաբանենք, որովհետեւ վերաբերում է գյուղի պաշտպանական հարցերին: Ամեն գյուղացի մի վերաբերմունք ունի այդ հարցերին: Եթե մի գյուղացու պատկերացումները տարբերվում են մեծամասնությունից,  բնականաբար, կարող է եւ վեճ լինել»: նա նաեւ նշեց, որ տեղյակ չէ, որ այդ ծեծկռտուքից տուժած 23-ամյա Գեւորգ Սահակյանը «Հերացի» հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը հայտարարել է, որ նախօրեին համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։ Պատճառն, ըստ նրա, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։

  • Կիսվել: