հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երկու տարի առաջ հնչած մեղադրանքներն այդպես էլ չհիմնավորվեցին. «Այբ»

Երկու տարի առաջ հնչած մեղադրանքներն այդպես էլ չհիմնավորվեցին. «Այբ»

Ուղիղ երկու տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։ Այս մասին ասվում է «Այբ» կրթական հիմնադրամի տարածած հայտարարությունում։

«Արդեն 14 տարի է՝ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացնում է կրթական տարբեր նախագծեր՝ նպատակ ունենալով մրցունակ դարձնել հայկական կրթությունը և մեր երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն: «Այբ» դպրոցն իր կրթաթոշակային բաղադրիչով, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը, լայն ճանաչում ձեռք բերած դպրոցական «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» մրցույթներն ու Պատանի քիմիկոսների համահայկական և ուսանողական մրցաշարերը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, «ԱյբԼաբ»-երը, Արարատյան բակալավրիատը (ԱԲ) «Այբ»-ի գործունեության մի մասն են ընդամենը։ Մեր նախագծերում ամեն տարի ներգրավվում են Հայաստանի ու Արցախի շուրջ 1100 դպրոցներ և շուրջ 125 000 աշակերտներ։ Մեր կողքին են ավելի քան 250 բարերարներ աշխարհի տարբեր անկյուններից։

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր «Այբ»-ը փորձում է իր կրթական ծրագրերը հասանելի դարձնել բոլորին և իր աջակցությունը բերել հայկական կրթության զարգացմանը։ Հայ ժողովրդին ծառայելու մեր վճռականությունն ու հաստատակամությունը սասանելու բոլոր փորձերը ապարդյուն և անհեռանկար են: «Այբ»-ը որակի, նվիրումի և մաքրության չափանիշ է դարձել Հայաստանում և աշխարհում, և մեր անվան հետ անհամատեղելի են միջակություն, գաղջություն և կոռուպցիա հասկացությունները:

Ուղիղ երկու տարի առաջ «Այբ»-ին ուղղված և մինչ օրս որևէ ապացույց չգտած մեղադրանքները (չնայած երկարատև ուսումնասիրություններին) հիմք հանդիսացան միջազգային ճանաչում ունեցող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի տարածումը դպրոցներում կասեցնելու համար։ Հայալեզու մի ծրագրի, որը ստեղծվել ու կատարելագործվել էր ամենահեղինակավոր կազմակերպությունների՝ Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, պետության հետ համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ, ԱԲ-ը պետք է, 2018 թ. սեպտեմբերից սկսած, փուլային տարբերակով աստիճանաբար ներդրվեր Հայաստանի Հանրապետության ու Արցախի բոլոր ավագ դպրոցներում՝ դառնալով որակական նոր նշաձող թե ուսուցիչերի, թե սովորողների և թե ողջ կրթական համակարգի համար։

Ինչի՞ կհասնեինք մենք բոլորով, եթե խոստումնալից այս ծրագիրը չկասեցվեր 2018 թ.-ին. այսօր արդեն ՀՀ-ում և Արցախում կունենայինք նոր որակի կրթական համակարգով ու վերազինված տասնյակ դպրոցներ, վերապատրաստված ուսուցիչների ուժեղ համայնք, միջազգային ճանաչում ունեցող դիպլոմի սպասող բազմաթիվ դպրոցականներ ու նրանց առջև բացվող նոր հորիզոններ։

Այս երկու տարիների ընթացքում, սակայն, մենք ոչ միայն չենք դադարել մեր առաքելությանը համընթաց առաջ շարժվել, այլև ունեցել ենք նոր նախաձեռնություններ. ներդրել ենք դպրոցական նոր մրցույթներ, ձևավորել մարզերի հետ նոր ձևաչափով համագործակցություն, սոցիալական ծրագրեր իրականացրել սահմանամերձ համայնքներում, ձեռք բերել միջազգային նոր գործընկերներ։ Ներկա համավարակը տեսանելի դարձրեց հատկապես կրթական համակարգի ճգնաժամը՝ ուրվագծելով ոլորտում առկա բացերը: «Այբ»-ն առաջիններից մեկն էր, որ, «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի միջոցով, արձագանքեց ստեղծված իրավիճակին։

«Քան» ակադեմիայի մեր հարթակը դարձավ անվճար հեռավար կրթության ամենահասանելի հարթակներից ու համապարփակ լուծումներից մեկը՝ այս ընթացքում առաջինն առաջարկելով իր օգնությունը բոլոր սովորողներին և ուսուցիչներին (հարթակը YouTube-ում ունի մեկ միլիոնից ավելի դիտում, կայքում գրանցված 28.000 օգտատեր, որից 4800-ն ուսուցիչներ են)։ Կրթական խառնաշփոթի մեջ որակյալ և մրցունակ բովանդակությունը հնարավոր եղավ ապահովել հիմնադրամի նախորդ երկու տարվա եռանդուն աշխատանքի արդյունքում, երբ հայերեն տեղայնացվեցին ավելի քան 15.000 տեսանյութ ու վարժություն։

Իսկ «Այբ» դպրոցը և Դիլիջանի կենտրոնական դպրոցը համավարակային մեկուսացման առաջին իսկ օրվանից անխափան իրականացրել են Արարատյան բակալավրիատի առցանց դասավանդում` կիրառելով բազմաթիվ նորարարական մոտեցումներ և հիացմունքի առարկա դառնալով թե սովորողների, թե ծնողական համայնքի և թե մասնագետների համար:

«Այբ»-ը հաջողության պատմություն է, և մենք կամենում ենք այդ հաջողությունը դարձնել բոլորինս: Մենք գիտենք, թե ինչ պետք է անել որակ ստեղծելու համար, և պատրաստ ենք մեր գիտելիքներն ու փորձը ի սպաս դնել մեր երկրի հաջողությանը։ Տեղում կանգնելը, մաշված գաղափարների պատճենումը և միջակության ոգին կրթության մեծագույն թշնամիներն են: Այդ իսկ պատճառով մենք շարժվում ենք կրթության նորարարության ճանապարհով և մշակում կրթական նոր մոդելներ, որպեսզի կարողանանք լավագույն հնարավորությունը տալ մեր երեխաներին և նրանց սրտերում վառ պահել սովորելու և կատարելագործվելու կրակը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կողմերի ու կառույցների հետ, որոնք շահագրգիռ են կրթական բարեփոխումների հարցում և ուզում են Հայաստանը դարձնել կրթության երկիր»,– ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: