Վրաստանը հերքում է հայկական կոնյակի առաքումների վերաբերյալ խնդիրները
Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են սովորականի պես։ Տրանսպորտային միջոցների համար ուշացումներ չկան», — ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։
Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողների մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց Երևանում` Վրաստանի դեսպանատան մոտ։ Մասնակիցները պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։
Հատկանշական է, որ Վերին Լարսը վրաց-ռուսական սահմանի միակ անցակետն է և ակտիվորեն օգտագործվում է հայկական ապրանքները Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության երկրներ հասցնելու համար։