չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանում վարորդը ռուսական համարանիշներով BMW X6-ով վրաերթի է ենթարկել 25-ամյա հետիոտնին

Երևանում վարորդը ռուսական համարանիշներով BMW X6-ով վրաերթի է ենթարկել 25-ամյա հետիոտնին

Երեկ՝ մարտի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Վլադիմիր Բեջանյանը իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 79 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Գալուստ Իսրայելյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: