շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս շպրտվել ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML-ի կողմից. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս շպրտվել ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML-ի կողմից. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատր Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Արթուր Սողոմոնյանը և Գոհար Արզումանյանը:Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին իրականացնում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: