երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանում միմյանց բախված ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին. վիրավորներից մեկը հղի կին է

Երևանում միմյանց բախված ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին. վիրավորներից մեկը հղի կին է

Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության  Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ Երևան քաղաքի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Գևորգյանն ու Արարատ Դավթյանը:

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ֆտոլորագրողը հայտնում է, որ Nissan Sentra-ն բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը և բախվել շինության պատին: 

  • Կիսվել: