երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանում Mercedes Sprinter-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, տապալել է բետոնե էլեկտրասյունը

Երեւանում Mercedes Sprinter-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, տապալել է բետոնե էլեկտրասյունը

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 58-ամյա Արմեն Վարդանյանը իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով էլեկտրասյունը տապալվել է, օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի ​նախարարության Փրկարար ծառայության Երեւանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից ​1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները​ հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա քաղաքացիների եւ պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի են բերել ավտոմեքենան:

Օպերատիվորեն ​ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել եւ հերթապահություն են սահմանել նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Սպարտակ Պողոսյանը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Դեպքի վայրում էլ բժիշկներին, փրկարարներին ու պարեկներին ասում էր. «Էս ի՞նչ հաշիվ ա, մտնում էի տուն, էս ո՞վ ա ավտոս էս օրը քցել»:

Հետո տեղում պարզվեց, որ իր տունը ոչ թե Խուդյակովի փողոցում է, այլ Նոր-Նորքում: Հավաքվածներն էլ կատակում էին՝ ասելով. «Մարդ ինչ աստիճանի «լվացք» արած լինի, որ վթարի ենթարկվի հերիք չի, տան տեղն էլ չհիշի»:

Վթարի փաստով ՊԾ Երեւան քաղաքի գնդում​ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել տապալված սյունը նորով փոխարինելու եւ նշված հատվածում էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

  • Կիսվել: