ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում կայացել է Հայաստանում Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորների 28-րդ խմբի երդման արարողությունը

Երևանում կայացել է Հայաստանում Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորների 28-րդ խմբի երդման արարողությունը

Երևանում այսօր կայացել է Հայաստանում Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորների 28-րդ խմբի երդման արարողությունը, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին:

ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը ողջունել է կամավորների վերադարձը Հայաստան՝ շնորհավորելով նրանց ծրագրի մեկնարկի առթիվ: Նա նշել է, որ Հայաստանում Խաղաղության կորպուսը սերտ համագործակցում է ՀՀ-ի հետ՝ 1992 թվականից՝ «Անգլերեն լեզվի ուսուցում» ծրագրի շրջանակում:

«Համագործակցության տարիների ընթացքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հարյուրավոր կամավորներ են ծառայել՝ աջակցելով անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերում: Կամավորները լավագույնս օժանդակում են սովորողներին՝ կատարելագործելու իրենց անգլերենի իմացությունը: Մեծապես կարևորում ենք կրթության բնագավառում վերապատրաստված կամավորների դերն անգլերենը՝ որպես օտար լեզու, դասավանդելու գործում: Այս ծրագրային նախաձեռնության կարևորագույն բաղադրիչներից է նաև անմիջական շփումը, որը հնարավորություն է ընձեռում լավագույնս ճանաչելու միմյանց, ծանոթանալու մշակութային առանձնահատկություններին և ստեղծել ամուր հիմքեր փոխհամագործակցության զարգացման ու ընդլայնման համար:

Ուրախությամբ պետք է արձանագրենք ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործունեության վերսկսումը, որը վերջին տարիներին, ցավոք, ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով և պատերազմով պայմանավորված »,- ասել է Արկադի Պապոյանը՝ կամավորներին մաղթելով արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարությանը՝ Հայաստանում արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով ամերիկացի կամավորներին, ընդգծել է, որ կամավորներին Հայաստանում ընդունում են ջերմությամբ. «Արդեն շատ դրական գնահատականներ եմ հասցրել լսել Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների աշխատանքների և ծավալած գործունեության վերաբերյալ: Կարևորում ենք նաև մարդկանց միջև ձևավորվող շփումները»:

Հայաստանի կառավարության հետ ձեռքբերված համաձայնության շրջանակում կամավորներն աշխատում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և հասարակական կազմակերպություններում հայ գործընկերների հետ միասին։ Նրանք օգնում են անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին՝ բարելավելու անգլերենի հմտությունները:

Նշենք, որ 2020 թվականի COVID-19 համավարակից հետո սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է: Այդ ժամանակից մինչև օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքն առցանց ձևաչափով՝ դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր և դասընթացներ։

Խաղաղության կորպուսն ամերիկացի կամավորներից, հյուրընկալող երկրի գործընկերներից, Խաղաղության կորպուսի անձնակազմից և համայնքի անդամներից բաղկացած ծառայության միջազգային ցանց է, որի առաքելությունն աշխարհում խաղաղության ու բարեկամության ամրապնդումն է։

Հայաստանում մինչև օրս ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1100 կամավոր։

  • Կիսվել: