շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուարը․ առկա է գազի արտահոսք

Երևանում հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուարը․ առկա է գազի արտահոսք

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել և առկա է գազի արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։ Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։

Փրկարարները տեղում իրականացնում են հերթապահություն և հաշվի առնելով հեղուկ գազի մեծ քանակությունը անվտանգության ապահովման համար լրացուցիչ ժամանել է ևս 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի և «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

  • Կիսվել: