ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում գործող բժշկական որոշ կենտրոններում նոր անձանց ընդունումը և սպասարկումը  24 ժամով արգելվել է

Երևանում գործող բժշկական որոշ կենտրոններում նոր անձանց ընդունումը և սպասարկումը 24 ժամով արգելվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։

Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները»,- ասված է կենտրոնի էջում տեղադրված հայտարարությունում։

 

  • Կիսվել: