երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը․ այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու․ Ավինյան

Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը․ այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու․ Ավինյան

Երևանը նոր տրոյելբուսներ կունենա. 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են. այդ մասին հաղորդվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Բացի այդ, հատկացվել են 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները. դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին։

«Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում, հետևաբար, ես առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջով նախատեսել հաջորդ տարվանից սկսած 18 մետրանոց ավտոբուսների գնումը»,- ասել է նա։

Քաղաքապետը հանձնարարել է սկսել տեխնիկական նկարագրի պատրաստությունը. «Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջով պետք է գնենք»։ Նա նշել է, թե հասարակական տրանսպորտի բարեփոխումները պետք է ավարտին հասցնել, ինչի համար պետք է ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուս. «Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու, ինչ էլ լինի, պետք է կազմակերպենք աշխատանքները, թեկուզ փուլային, թեկուզ մի քիչ դժվարություններով, բայց պետք է իրականացնենք»։ Նա շեշտել է, որ այս խնդիրը առաջնահերթ է Երևանի համար։

  • Կիսվել: