երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Թբիլիսյան խճուղում ավտովթարի մեջ հայտնվածների մի քանի հարազատներ հարձակվել են շտապօգնության բժիշկների ու պարեկների վրա

Երևանի Թբիլիսյան խճուղում ավտովթարի մեջ հայտնվածների մի քանի հարազատներ հարձակվել են շտապօգնության բժիշկների ու պարեկների վրա

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավտովթարի ենթարկված մի խումբ անձինք ու նրանց հարազատները, անցնելով բարոյականության սահմանները, հարձակվել են իրենց օգնության հասած շտապօգնության բժիշկների և Երևան քաղաքի գնդի պարեկների վրա` տալով հայհոյանքներ, հարվածելով պարեկներին, բժիշկներին և վնասելով շտապօգնության ավտոմեքենան:

Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29/3 հասցեի մոտ ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, որը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Սուրեն Հովհաննիսյանը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ, 60-ամյա Նվարդ Հովհաննիսյանը և 57-ամյա Էմմա Խաչատրյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:

Բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել էր, սակայն չէր ընկել, քանի որ էլեկտրալարերը պահում էին:

Մինչ շտապօգնության ու պարեկների ժամանումը՝ դեպքի վայրում բավականին լկտի պահվածք են ցուցաբերում մի քանի հոգի, այդ թվում տարիքով տղամարդիկ ու երիտասարդ տղաներ:

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, անգամ շտապօգնություն ահազանգել է ինքը ու խնդրել, որ շտապ բժիշկների հերթապահ խումբ ուղարկեն։ Բժիշկները շատ կարճ ժամանակում ժամանել են, բայց այդ «տաք գլուխներ»-ին երևի թե թվացել է, որ բժիշկների ժամանումը տևել է մի քանի ժամ:

Մինչ այդ դեպքի վայր հասան նաև Երևանի գնդի պարեկները, ու այդ տաք գլուխներից մի քանիսը հարձակվեցին պարեկների, այդ թվում աղջիկ պարեկների և շտապօգնության բժիշկների վրա՝ նրանց հասցեին տալով լկտի հայհոյանքներ:

Հարազատներն այնքան էին տարված իրենց անպատժելությամբ և դրսևորում էին ոչ ադեկվատ վարքագիծ, որ հայհոյանքներ էին տալիս անգամ վիրավորներին օգնության ձեռք մեկնած բժիշկներին ու պարեկներին: Բանը հասավ նրան, որ սկսեցին հարվածներ հասցնել պարեկներին ու բժիշկներին, իսկ մի երիտասարդ էլ հարվածում էր շտապօգնության ավտոմեքենային:

Ի վերջո, դեպքի վայր լրացուցիչ ժամանեցին մեծ թվով պարեկներ, Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետներ»-ը:

Բայց անգամ նրանց ժամանելուց հետո տևական ժամանակ «կոկոններ»-ը տաքացրածները չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին, ու սկսվեց ձեռնամարտ:

Հարազատները հարձակվում էին պարեկների, ոստիկանների ու «կարմիր բերետներ»-ի վրա, ինչը ստիպեց իրավապահներին, որ մի քանիսին բերման ենթարկեն՝ ձեռնաշղթայելով նրանց: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, մի քանիսին հաջողվել է դիմել փախուստի, բայց Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները արդեն պարզել են բոլորի ինքնությունը և հաշված ժամերի ընթացքում գլխավոր հրահրիչներից մեկի ծնունդը Կոտայքի մարզի «Լուսաբաց» ռեստորանային համալիրում նշած, դեպքի վայրից փախուստի դիմած «ճիվաղներ»-ը կհայտնաբերվեն: 

Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, իսկ վթարի փաստով դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում կային նաև քաղաքացիներ, ովքեր այդ «տաք գլուխներ»-ին հորդորում էին որ չխոչընդոտեն բժիշկների, պարեկների, ինչպես նաև լրագրողի աշխատանքը, սակայն դա ճիվաղներին չէր հանդարտեցնում, իսկ բժիշկների նկատմամբ հաշվեհարդար չկարողացան տեսնել շնորհիվ այդ քաղաքացիների: 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ և բերման ենթարկվածների ու որոնվողների ինքնությունները այս պահին չենք հայտնում:

  • Կիսվել: