կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիներին

Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ:

Քաղաքապետարանից  հայտնում են, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է քաղաքապետը:

Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքը բարդություններ ունի, և տոնը հնարավորություն էր մի փոքր կտրվելու աշխատանքային առօրյայից:

«Ի սկզբանե իմ նպատակն է եղել գնահատել մաքրուհիներին, և փորձեցի օրվա առիթով միջոցառում կազմակերպել: Հույսով եմ՝ վաղվանից նրանք ավելի լավ ու ոգևորված կաշխատեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել մեր համաքաղաքացիներին՝ ավելի մաքուր պահեն Երևանն ու հարգեն մեր աշխատակիցներին: Պետք է ամեն մեկս հիշենք՝ աղբի տեղն աղբամանում է»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանը:

Համայնքային հիմնարկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք փոփոխություններ կլինեն՝ կառավարման նոր մոտեցումներ ու աշխատակիցների պայմանների բարելավում:

«Դեռևս 2021թ. նախատեսել էինք հիմնանորոգում, պայմանների բարելավում. մրցույթն արդեն կայացել է և այս տարի արդեն ամբողջությամբ կվերանորոգենք: Կառուցվածքային որոշ փոփոխություններ ևս պետք է արվեն, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնենք, որպեսզի ավտոմեքենաների կառավարումն արդյունավետ դառնա»,- ընդգծել է քաղաքապետը:

Սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:

  • Կիսվել: