երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը կհրապարակվեն նաև www.arlis.am կայքում. նախագիծ

Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը կհրապարակվեն նաև www.arlis.am կայքում. նախագիծ

Առաջարկվում է, որ Երևանի տեղական ինքնականառավարման մարմինների՝ Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը հրապարակվեն ոչ միայն Երևան քաղաքի պաշտոնական կայքում, այլև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:

«Սա բնակիչներին, կազմակերպություններին ավելի հասանելի կդարձնի Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը: Այս պրակտիկան փորձարկելուց հետո, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այսինքն՝ համակարգը չծանրաբեռնվի, և արդյունավետությունը չնվազի, մենք կքննարկենք և նույն առաջարկով հանդես կգանք տեղական ինքնակառավարման մյուս մարմինների համար»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում է ավելի քան 6000 ակտ: Երևանում բնակվող անձանց և մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց իրենց գործունեության իրականացման ընթացքում հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ վերոնշյալ ակտերին:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: