ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է թիվ 86 մանկապարտեզի վերաբացմանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է թիվ 86 մանկապարտեզի վերաբացմանը

Լյովա Կատվալյանի անվան թիվ 86 մանկապարտեզը հիմնադրման 30-ամյակը նշում է հիմնանորոգված պայմաններով: Կրթօջախն այսօր շուրջ 150 փոքրիկների առջև իր դռներն է բացում լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:

Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: Լևոն Հովհաննիսյանը շրջել է մանկապարտեզում, զրուցել փոքրիկների հետ: Կարևոր այս նախագիծն իրագործվել է համայնքային բյուջեի միջոցներով:

«2021թ. մենք հատկացրել ենք շուրջ 250 մլն դրամ մանկապարտեզի կապիտալ նորոգման համար: Դռներ, պատուհաններ, սանհանգույցներ, տանիք, էներգախնայող նոր լուսավորություն, ջեռուցման համակարգ. ցուցաբերվել է համալիր մոտեցում: Այս տարի կշարունակենք նաև մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումը: Մեր երեխաներն արդեն կհաճախեն հարմարավետ պայմաններով մանկապարտեզ, ինչը մենք շատ ենք կարևորում: Դա մեր առաջնահերթ խնդիրներից է, և մեր ծրագրերում ընդգրկված են մեծ թվով մանկապարտեզներ: Կարծում եմ՝ հաջորդ տարվա ավարտին մենք կկարողանանք համայնքային մանկապարտեզների շուրջ 50%-ն արդեն վերանորոգած լինել»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Հարմարավետ պայմաններից բացի, ծրագիրը լուծեց ևս մեկ կարևոր խնդիր. հինգ խմբով գործող մանկապարտեզը հիմնանորոգումից հետո հնարավորություն կունենա ընդունելու ավելի մեծ թվով փոքրիկների:

«Հաղթանակ թաղամասում այս պահին մանկապարտեզային տարիքի երեխաների թիվն անցնում է գրեթե 550-ը, և թաղամասում գործող երկու մանկապարտեզն իրենց տարողունակությամբ չէին բավականացնում, որ ապահովեինք այդ երեխաների մանկապարտեզ հաճախելը: Այս մանկապարտեզի հիմնանորոգումը բավականին լուրջ խնդիր լուծեց: Հնարավորություն կա մանկապարտեզը վերաբացել 12 խմբով, դա նշանակում է, որ կրթօջախը հնարավորություն ունի ընդունելու շուրջ 350 երեխայի»,- նկատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը:

Համայնքային բյուջեի միջոցներով 2022-ին ընդհանուր առմամբ հիմնանորոգման աշխատանքներ կտարվեն երևանյան 11 մանկապարտեզում, բացի այդ կկառուցվի երկու նոր մանկապարտեզ: Ի դեպ, ընթացիկ տարում կհիմնանորոգվի նաև 12 նախակրթարանի տանիք, որից հետո կտեղադրվեն արևային պանելներ: Էներգաարդյունավետություն ապահովող այս ծրագրի տնտեսումները կուղղվեն հարմարավետ պայմանների ապահովմանը:

  • Կիսվել: