ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դպրոցականները՝ Երևանի ավագանի.  անցկացվեց «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառումը

Դպրոցականները՝ Երևանի ավագանի. անցկացվեց «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառումը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «դպրոցական ավագանու» նիստ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ։
 
 
Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել են 65-ը: Հենց այդ աշակակերտներն էլ հնարավորություն ստացան հյուրընկալվել քաղաքապետարանում՝ որպես պատանի ավագանի:
 
«Դպրոցական ավագանու» նիստում օրակարգային 7 հիմնական հարց էր:
 
Բակային տարածքների բարեկարգում և կառուցում, խաղահրապարակների ստեղծում ու սահմանազատում, կանաչ գոտիների ավելացում, մայթերի բարեկարգում, քաղաքային տրանսպորտի սակավություն, արտադպրոցական կրթական հաստատություններ համար առանձին ուղեգծերի ստեղծում:
 
Պատանիները, անդրադառնալով բնապահպանական և քաղաքաշինական մի շարք խնդիրների, խոսել են օդի աղտոտվածության, ճարտարապետական կոթողների պահպանության մասին: Բարձրաձայնվել է նաև ինքնագլորների ու թափառող շների խնդիրը:
 
Պատանի ավագանիները խոսել են քաղաքն առավել հարմարավետ դարձնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներից: Մասնավորապես, շեշտվել է ազատ տեղաշարժի ապահովման համար գետնանցումների, շենքերի հարմարեցման անհրաժեշտությունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Կիսվել: