երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի կենտրոնում հսկայական փոսը վթարի պատճառ է դարձել

Երևանի կենտրոնում հսկայական փոսը վթարի պատճառ է դարձել

Արդեն մի քանի օր է, Երևանի Իսակովի պողոտայում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:   Գրեթե ամեն օր վարորդները սեփական մաշկի վրա են զգում այդ փոսի պատճառով կրած նյութական վնասները:   Այսօր հերթական անգամ վթար է տեղի ունեցել այդ փոսի պատճառով, իսկ պատկան մարմինները ուղտի ականջում քնած են:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:  

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտարաբ տուժածներ չկան:   Թե ով է փոխհատուցելու վնասը, դեռևս պարզ չէ, և թե ովքեր են դրա համար պատասխանատու, դրա պատասխանը երևի քաղաքապետարանում կիմանան:   Բայց որ խնդիրը պետք է հրատապ լուծել, դա փաստ է:

Հակառակ դեպքում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զրույցում Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնեցին, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով:  

  • Կիսվել: