Երևանի կենդանաբանական այգում սպասվում են աշխատավարձերի բարձրացում, նոր հաստիքներ, կառուցվածքային փոփոխություններ
«Երևանի կենդանաբանական այգում վերջերս Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվեց տնօրենի նոր պաշտոնակատար։ Նրա հետ կայացավ Այգու կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում էին բազմաթիվ հարցեր՝ այգու խնդիրների լուծման, կառուցվածքի փոփոխության, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ Կենդանաբանական այգում տեղի ունեցող փոփոխություններին իր ելույթում անդրադարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Արման Անտոնյանը։
«Այգու նոր հաստիքացուցակը ներկայացվել է Երևանի քաղաքապետի հաստատմանը։ Ըստ նոր կառուցվածքի՝ այգին պետք է ունենա 2 փոխտնօրեն, մեկը՝ գիտական գծով։ Ես նաև որպես կառավարման խորհրդի անդամ շատ եմ կարևորում գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, ով պետք է զբաղեցնի այգում մասնագիտական գործերով հաստիքը»,- նշեց Անտոնյանը։
Նրա խոսքով, փոխտնօրենի թափուր հաստիքի համար շուտով կհայտարարվի մրցույթ․ «Այս որոշումն այնքանով է կարևոր, որ ՀՀ լավագույն մասնագետները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեսլականն ու զարգացման ծրագիրը»։
Կառավարման խորհրդի անդամները հաճախակի են լինում այգում՝ շրջայցեր և աշխատանքային քննարկումներ են լինում , իրապես արդեն եռում է աշխատանքը։ Վստահ եմ, որ այգին արդեն ժամանակ առ ժամանակ հանդես կգա լավ ու դրական լուրերով՝ ի նպաստ կենդանիների բարեկեցության և այգու զարգացման, հավելեց Անտոնյանը։