ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ է դարձել տարածքում շտապօգնության ավտոմեքենայի բացակայությունը. Սաղաթելյան

Երևանի Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ է դարձել տարածքում շտապօգնության ավտոմեքենայի բացակայությունը. Սաղաթելյան

Երևանի Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ է դարձել տարածքում շտապօգնության ավտոմեքենայի բացակայությունը։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Այստեղ բազմաթիվ ոստիկաններ եւ ուժայիններ կան, բայց իշխանությունները շտապօգնության մեքենայով չեն ապահովում։ Պահանջում ենք, որ այստեղ մշտական հիմունքներով շտապօգնության մեքենա տեղակայվի, եւ ապահովվի քաղաքացիների առողջական խնդիրների լուծումը։ Քաղաքացին դուրս է եկել պայքարի, եւ վերջին ժամերն անցկացրել է այս հրապարակում։ Մենք շարունակելու ենք այս պայքարը, այդ թվում՝ այս քաղաքացու հիշատակին։ Մենք գիտենք, թե ինչու ենք դուրս եկել պայքարի, ինչ նպատակով։ Ժողովրդի կամքն անշրջելի է՛՛,-ասաց նա:

Խոսելով քաղաքացիների փակած ճանապարհների մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ
այս պահին արգելափակված է Իջեւան-Երեւան միջպետական ճանապարհը։ ՛՛Քաղաքացիներն, ի պատասխան մեր կոչերի, փակել են Երեւան-Արտաշատ, Սեւան-Երեւան, Մարտունի-Գավառ, ավտոճանապարհները։ Որքան էլ ոստիկանությունը փորձում է պնդել, որ փողոցները բաց են, ու իբր ամեն ինչ նորմալ է, բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում մեր քաղաքում։ Ժողովուրդը համախմբվել է, հասարակական պահանջը ձեւավորվել է՛՛,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել էր։

Հայտնել էինք նաեւ, որ Երևանի քաղաքապետարանը կոչ էր արել դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ նշելով, որ ՛՛Շտապօգնության մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց՛՛:

 

  • Կիսվել: