շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլև հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին. Սաղաթելյան

Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլև հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին. Սաղաթելյան

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։

Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։

Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։

Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։

Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։

Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։

Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։

Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»։

  • Կիսվել: