ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեւանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 32-ամյա տղամարդու

Երեւանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 32-ամյա տղամարդու

2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-ին, «Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա տղամարդ՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: 32-ամյա տղամարդը ճանաչվել է որպես տուժող:

Քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում միմյանց միջեւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 32-ամյա տղամարդուն դանակահարել եւ մարմնական վնասվածք է պատճառել Երեւանի 48-ամյա բնակիչը:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Երեւանի 48-ամյա բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: