շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում. Արաղչի

Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում, մասնավորապես՝ ամերիկյան պատժամիջոցները վերացնելու, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու և իրանական սառեցված ակտիվներն ապաշրջափակելու դեպքում։ Նրա խոսքով՝ Իրանն առայժմ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում։

«Մեր պայմանները ներառում են Իսլամաբադի հուշագրից հետո սահմանված պատժամիջոցների վերացումը և տարածաշրջանում ամերիկյան ուժերի կրճատումը։ Մենք պահանջում ենք վերականգնել պատժամիջոցների ռեժիմից նավթի մատակարարումների բացառությունները և ապաշրջափակել մեր բոլոր սառեցված միջոցները, այդ թվում՝ Կատարում գտնվողները։ Հորմուզի նեղուցի բացումը նախադրյալներ կստեղծի Վաշինգտոնի հետ չլուծված հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման համար»,– ասել է Արաղչին։

Նա նաև նշել է, որ միջնորդները միջուկային դոսյեի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել, որոնք Թեհրանն այժմ դիտարկում է։

Արաղչին տեղեկացրել է, որ իր օգնականն այժմ գտնվում է Կատարում՝ խորհրդակցությունները շարունակելու համար։

«Կատարի և Պակիստանի միջնորդները շարունակում են խորհրդակցությունները մեր պայմանների շուրջ։ Այս պահին ԱՄՆ-ի հետ հանդիպումների անհրաժեշտություն չենք տեսնում»,– եզրափակել է դիվանագետը։

  • Կիսվել: